EN | AM

Անտառների վերականգնումն ուղի է հարթում դեպի ապաքինում և բարեկեցություն


21.03.2021

Մարտի 21-ին նշում ենք Անտառների միջազգային օրը, և դեռ երբեք այսքան հիմնավոր առիթ չենք ունեցել մեր ուշադրությունը հատկացնելու այս թանկարժեք բնական պաշարներին, որոնք երկրի ցամաքային տարածքի մեկ երրորդն են ընդգրկում։

Մենք այնքա՛ն ենք պարտական անտառներին։

Վերջին մեկ տարին, COVID-19 համավարակի ընթացքում անտառներն օգնել են պահպանել մարդկանց անվտանգությունն ու առողջությունը:

Մեզնից շատերն ապավինում են անտառից ստացված առաջին անհրաժեշտության ապրանքներին, պատրաստված թղթից և ստվարաթղթից, այդ թվում՝ անհատական պաշպանիչ միջոցները և տուն առաքված իրերի փաթեթավորումը։  Ոմանց համար անտառները բացօթյա մարզանքի վայր են ծառայում, նպաստելով նրանց առողջությանն ու տրամադրության բարձրացմանը։

Սակայն աշխարհի առավել խոցելի անձանց համար անտառները կենսական կարևորություն ունեցող անվտանգության ցանց են, ծառայելով նրանց համար որպես սննդի աղբյուր և ապահովելով եկամուտ այն ժամանակ, երբ խաթարված էին մատակարարման շղթաները։

Եվ սա ի հավելումն անտառի արդեն իսկ տված արտասովոր օգուտների. նրանց ծառայում են որպես ածխածնի կլանիչ, մաքրում են մեր ջուրը, մեկ միլիարդից ավել մարդու սնունդ, վառելիք և բուժիչ խոտաբույսեր մատակարարում, ինչպես նաև բարելավում հարյուր միլիոնավոր մարդկանց կենսապայմանները։

Այսուհանդերձ, COVID-19-ը դարձավ սթափեցնող ահազանգ առ այն, որ կենդանիների, մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը սերտորեն փոխկապակցված են։

Մենք պետք է գիտակցենք, որ անտառահատումները և անտառների ոչ կենսակայուն օգտագործումը զգալիորեն բարձրացնում է կենդանիներից մարդկանց փոխանցվող հարուցիչներով պայմանավորված հիվանդությունների ռիսկը։

Նորահայտ վարակիչ հիվանդությունների մոտ 70 տոկոսը և վերջին շրջանում գրանցված գրեթե բոլոր համաճարակները ծագել են կենդանիներից, հատկապես՝ վայրի։

Երբ անտառները հատվում են` մշակովի հողատարածքները, կամ արոտավայրերն ընդարձակելման նպատակով, երբ քաղաքային բնակչության՝ վայրի կենդանիների մսի պահանջարկը, իբրև շքեղության նշան, խթանում է գերշահագործումը, մեծանում է մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և վայրի բնության միջև շփումը։  Ճիշտ այդպես էլ մեծանում է հաջորդ խոշոր համավարակի վտանգը։

Ուղերձը հստակ է՝ առողջ անտառները նշանակում են առողջ մարդկություն։

Եվ չնայած դրան, անտառները շարունակում են վտանգված մնալ։ Վերջին 30 տարվա ընթացքում մենք զրկվել ենք 420 միլիոն հեկտարի հասնող անտառներից, որը տեղի է ունենում գլխավորապես գյուղատնտեսության ընդլայնմամբ պայմանավորված անտառահատումների և այլ հողատեսքերի վերածման հետևանքով։

Այս ավերածությունները վտանգում են աշխարհի բնակչության առողջությունը, նպաստում կլիման տաքացնող գազերի արտանետմանը և վերացման սպառնալիքի առջև կանգնեցնում բույսերին և կենդանիներին, ինչպես նաև վտանգում անտառներից կախման մեջ գտնվող մարդկանց կենսապայմանները։

Ուստի, ի՞նչ կարող ենք անել անտառները և մեզ առողջ պահելու համար։

Առաջին. պետք է դադարեցնել անտառները մեծ մասշտաբներով գյուղատնտեսական հողերի վերածելու գործելակերպը, գիտակցել, որ աշխարհի աճող բնակչությանը հնարավոր է ապահովել սննդով՝ առանց անտառների հատման։

Երկրորդ. պետք է վերջ տանք վայրի բուսատեսակների և կենդանատեսակների անօրինական առևտրին, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վայրի կենդանիները միլիոնավոր բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների սննդի և եկամտի հիմնական աղբյուրն են։  

Երրորդ. մենք պետք է մասնակցություն ունենանք աշխարհի դեգրադացված անտառների ու լանդշաֆտների վերականգնմանը՝ առողջ էկոհամակարգերի վերականգնման նպատակով, որն այս տարվա Անտառների միջազգային օրվա առանցքն է։

Ներկայում ավելի քան 2 միլիարդ հեկտար տարածք, որը Չինաստանի տարածքի կրկնակին է, գերօգտագործման, երաշտի և անտառների ու հողերի կառավարման ոչ կենսակայուն գործելակերպերի հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել։

Լավ լուրն այն է, որ դեգրադացված հողերը մեծամասամբ հնարավոր է վերականգնել։

Օրինակներից մեկը Աֆրիկյան միության առաջնորդությամբ Սահարայի համար իրականացվող Մեծ կանաչ պատի և Սահելի նախաձեռնությունն է։ Վերջինս նպատակ ունի մինչև 2030 թվականը Աֆրիկայում վերականգնել 100 միլիոն հեկտար չորային հողատարածքներ՝ տնկելով տեղական ծառատեսակներ և բուսատեսակներ, կանաչապատելով լանդշաֆտները, միևնույն ժամանակ նպաստելով 250 միլիոն տոննա ածխածնի կլանմանը և ստեղծելով 10 միլիոնից ավել «կանաչ» աշխատատեղեր։

Սահմանվել են համաշխարհային մակարդակի հավակնոտ թիրախներ. Բոննի մարտահրավերը մինչև 2030 թվականը 50 միլիոն հեկտարի վերականգնման կոչ է, իսկ Կայուն զարգացման նպատակները դեռևս ընթացքի մեջ են, նպատակ հետապնդելով մինչև 2030 թվականը հասնել հողերի դեգրադացիայի չեզոքացմանը։ 

Առայժմ, ավելի քան 60 երկրներ և կազմակերպություններ հանձնառել են վերականգնել ավելի քան 210 միլիոն հեկտար դեգրադացիայի ենթարկված հողեր, որը Հնդկաստանի ավելի քան երկու երրորդի չափ տարածք է կազմում։ 

Այս ամենով հանդերձ, հարկավոր է թափ հաղորդել թիրախներին հասնելու մեր ընթացքին և հայտարարությունները գործողության վերածել։

Այս տարի մեկնարկում է Միավորված ազգերի կազմակերպության՝ էկոհամակարգի վերականգնման տասնամյակը, որը մի քանի հարյուր միլիոն հեկտարի հասնող անտառային տարածքների վերականգնման, դեգրադացված տարածքների բուժման գործընթացի խթանման լավ հնարավորություն է։ Դա նաև բազմաթիվ մարդկանց հնարավորություն կտա օգտվել «կանաչ» աշխատատեղերից և եկամտի ստեղծման առիթներից, որը կընձեռի անտառների վերականգնումը, այդպիսով օգնելով հաղթահարել COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։  

Մենք պետք է նաև հիշենք, որ յուրաքանչյուր ծառ կարևոր է։ Ծառատնկման և վերականգնման փոքրածավալ ծրագրերը կարող են դրականորեն անդրադառնալ մարդկանց առողջության վրա։ Քաղաքային վայրերի կանաչապատումը մաքրում է օդը, ապահովում ստվեր և նպաստում քաղաքաբնակների հոգեկան և ֆիզիկական բարեկեցությանը։  Մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի միկրո մակարդակում փոփոխություն բերել՝ սկսած բակից մինչև համայնքապատկան զբոսայգիներ։

Թող այսօրվա Անտառների միջազգային օրն ազդդարարի անտառների վերականգնման նոր սկիզբ և ավելի առողջ աշխարհ ստեղծի բոլորիս համար։
 

Անտառների միջազգային օրվան նվիրված ԽՄԲԱԳՐԱԿԱՆ հոդված

Պատրաստեց ՊԳԿ գլխավոր տնօրենի տեղակալ՝ Մարիա Հելենա Սեմեդոն