EN | AM

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ

Մարտի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պնդեց, որ հայաստանյան մեկ Տելեգրամ ալիքի կողմից Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգի դեմ ուղղված լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ինչը հաստատվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից:

«Ես լիովին պաշտպանում եմ նրան: Ձեզ կարող եմ ասել, և դա ինձ փոխանցել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարք-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և աշխատանքը կշարունակի մեկ այլ երկրում:

Նա բարձր որակավորում ունի, չափազանց փորձառու և իր գործին նվիրված մասնագետ է, ով նախկինում աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակում, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Մալայզիայում, ինչպես նաև պաշտոններ է զբաղեցրել այլ երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Գվինեան, Բենինը և Մադագասկարը:

1993 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Հայաստանի երեխաների համար և սերտ ու արդյունավետ համագործակցություն է ունեցել կառավարության հետ»: